«Գրական տապան- 2014» միջազգային փառատոնի շրջանակում Բրիտանական խորհրդի և IBBY International-ի աջակցությամբ սեպտեմբերի 18-ից 23-ին Հայաստան կայցելի հանրահայտ գրող Մեգ Ռոսոֆը:
Մանկագրության և վիպագրության բնագավառում բազմաթիվ մրցանակների արժանացած և տասը գրքի հեղինակ Մեգ Ռոսոֆը Հայաստանում կմասնակցի փառատոնի ծրագրերին, ՀՀ անկախության առթիվ կազմակերպվող տոնակատարություններին, կանցկացնի վարպետության դասընթացներ ու կհանդիպի ընթերցողների հետ:
Սեպտեմբերի 19-ին ժամը 11.00-ին ԵՊՀ-ի ժուռնալիստիկայի ֆակուլտետի Եղիշե Չարենցի անվան դահլիճում Մեգ Ռոսոֆը կհանդիպի ուսանողների հետ ու կանցկացնի վարպետության դաս «Creative Writing» թեմայով: Հանդիպումը կանցկացվի անգլերեն:
Սեպտեմբերի 22-ին ժամը 12.00-ին Խնկո- Ապոր անվան ազգային մանկական գրադարանի սրահում տեղի կունենա Մեգ Ռոսոֆի հանդիպումը հայ գրողների և ընթերցողների հետ:
Մեգ Ռոսոֆը ծնվել է 1956 թվականին Բոստոնում: Սովորել է Հարվարդի համալսարանում, ինչպես նաև Սուրբ Մարտինի արվեստների դպրոցում: Շուրջ տասը տարի Նյու Յորքում աշխատել է հրատարակչության, լրագրության և գովազդի բնագավառում, որից հետո տեղափոխվել է Անգլիա, ուր և ապրում է մինչ օրս: